Ամռան երկրորդ ամիսն է: Իշխանության ներսում տեղի են ունենում որոշ գործընթացներ, որոնց ընդդիմությունն արձագանքում է ալարկոտ փիսոյի պես, որը, հետույքը տաքին դեմ արած, քաղցր նիրհի մեջ է ու ժամանակ առ ժամանակ մարմնի այս կամ այն մասում հայտնված աներես ճանճին ընդամենը պոչի ծույլ շարժումով է սաստում, հասկացնելու համար միայն, որ ինքը դեռ կա, պարզապես հավեսը տեղը չի: Այս վերջին իրադարձությունների ֆոնին ընդդիմադիր գործիչները միայն բավարվեցին-բավարարվում են մամուլի` իրենց ընձեռած հնարավորություններով: Բայց իրականում երկրում այս պահին առկա պրոբլեմներն այնքան շատ են, որ լիուլի բավարար են ցանկացած պահի ամենաքիչը տասը հազար մարդու փողոց հանելու համար: Գազի, հոսանքի, դրանց հետևանքով էլ մի շարք ապրանքների գների բարձրացում, վարչապետի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալ, Վերահսկիչ պալատի վերլուծություններ ու նախագահի արձագանք, հետն էլ՝ մեծ արտագաղթ: Գումարած` Ղարաբաղի հարց, Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքներ պատերազմ վերսկսելու թեմայով: Կարծես՝ քիչ չէ: Այլ հարց է, թե ով պիտի դա անի և ում նկատմամբ վստահության դեֆիցիտ չունի հասարակությունը:
Հաջորդ հերթական նախագահական ընտրությունները 2018-ին են: Կունենա?նք արտահերթ ընտրություններ, թե ոչ, կախված կլինի ընդդիմություն ասվածից: Թուրքիայի Թաքսիմի ցույցերի առաջին օրերին Հայաստանում սոցիալական ցանցերում մեկնաբանություններ էին հնչում, թե պայքարելու առումով սովորելու բան ունենք թուրքերից: Չեմ հասկանում, թե հասարակությանը արժանապատվության դասեր տվողներն ի?նչ նկատի ունեին առհասարակ, կամ նրանց հիշողությունը ինչ չափի ինֆորմացիա պահելու, այսպես ասած, հզորություն ունի: Որտե?ղ էին թուրքերը, երբ մեր ժողովուրդը պայքարում էր հանուն իր ազատությունների: Հայաստանում ամեն ընտրությունից հետո ձևավորվում է ընդդիմություն, և ժողովուրդը միանում է այդ ուժին: Ժողովուրդն իր եռանդը դնում է այդ ընդդիմության կայացման համար, իսկ վերջում ստացվում է, որ նույն այդ ժողովուրդն էր մեղավոր ընդդիմության ծրագրած իշխանափոխության խափանման մեջ: Այլ կերպ ասած` ընդդիմության թույլիկության մեջ: Թուրքիայում ցույցերը սկսվեցին բնապահպանական խնդրից ու վերաճեցին կառավարության վարած քաղաքականության դեմ պայքարի, իսկ մեր ընդդիմությունը նման հարցերը համարում է քաղաքացիական ակտիվիստների գործը և երբեք չի միանում նման շարժումներին: Մեր ընդդիմադիրները համարում են, որ երկրում համակարգափոխության կարող են հասնել միմյանց հետ համագործակցելով` բացառելով սկզբում հասարակության գործոնը և միայն տապալվելուց հետո են հիշում, որ ժողովուրդը, այնուամենայնիվ, կարևոր է:
Ինչով են զբաղված ընդհանրապես մեր ընդդիմադիրներն այս օրերին: ՀԱԿ-ը խոստացավ, որ ակտիվ քաղաքական պայքարի կանցնի աշնանը, իսկ աշունը, նկատենք, հարաբերական ժամկետ է` սեպտեմբերի 1-ից մեկից մինչև նոյեմբերի 30-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, կարծես, այդ մասին չեն էլ խոսել, Նախախորհրդարանը ժամանակ առ ժամանակ հանդիպում-հավաքներ է կազմակերպում ու շեշտում, թե իր նպատակն անհատները չեն, այլ համակարգային փոփոխությունները, միայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է հասնել համակարգային փոփոխությունների՝ առանց այդ համակարգը ձևավորող անհատների դեմ պայքարելու: Դե, իսկ ընդդիմադիրի անփառունակ իմիջով ԲՀԿ-ի մասին ավելի լավ է չխոսել: Հա, մնաց «Նոր ժամանակները», որի նախագահն իր քաղաքական գործունեությունը պայմանավորում է միայն հարցազրույցներ տալով, իսկ վերջերս էլ մեր կայքին տված հարցազրույցում, խոսելով երկրում փոփոխությունների հասնելու, իր դիտարկմամբ, միակ ճանապարհի` հեղափոխության մասին, ասաց, թե արտագաղթն ամենևին կապ չունի ապագայում տեղի ունենալիք հեղափոխության հետ` ինչքան պետք է, կմնան: Թե ով պետք է անի այդ հեղափոխությունը, կուսակցապետը ոչինչ չասաց:
Ի դեպ, տպավորություն է, թե արտագաղթը չի էլ հուզում մեր ընդդիմադիրներին: Այն, որ իշխանությունն արտագաղթը կանխելու համար առանձնապես տեղից չի շարժվում, փաստ է, քաղաքացու սոցիալական- իրավական- բարոյական պաշտպանվածության առումով պետական ծրագիր գոյություն չունի, որի մեջ ներառված կլինեին որոշակի քայլեր առկա հիմնախնդիրների վերացման նպատակով: Բայց որ ընդդիմությունն էլ դինջ նստած է, փաստ է: Քաղաքական ուժը, որն անկեղծ է իր ձգտումներում, կարողանում է հասարակության սրտին դիպչելու ճանապարհը գտնել: Հակառակ պարագայում, մեղքը կարելի է բարդել ում կամ ինչի վրա ասես`ջրից չոր դուրս գալու համար:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ